Միջազգային տարբեր լրատվամիջոցներ անդրադարձել են Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում տեղի ունեցած աշխարհի ծանրամարտի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը:
Ազգային ավանդույթները, ակրոբատիկ ելույթները և լուսային շոուն տպավորություն են գործել ներկաների վրա:
IWF-ի նախագահ Մուհամմեդ Ջալուդը ողջույնի խոսքում ասել է, որ մինչ մրցումների մեկնարկը արդեն մի քանի ռեկորդ է սահմանվել IWF-ի պատմության մեջ։ Նախ՝ մասնակից երկրների թիվը 117 է, մարզիկներինը ՝ 719, սեպտեմբերի 12-ին սկսվելիք միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին ներկա պատվիրակների թիվը՝ 150 և վերջապես՝ մրցաշարի տևողությունը 14 օր է: Նա վստահություն է հայտնել, որ կսահմանվեն համաշխարհային ռեկորդներ, քանզի Ռիադի ծանրահարթակ կելնեն բազմաթիվ օլիմպիական և աշխարհի չեմպիոններ: Նման պարագայում մրցակցությունը, անշուշտ, կոշտ է լինելու:
Այս ստուգատեսը ծանրորդների համար պարտադիր մրցումներից մեկն է օլիմպիական Փարիզի ճանապարհին և խաղերի մասնակցության միավորներ կվաստակեն արժանիները:
IWF-ի աշխարհի առաջնությունն առաջին անգամ է անցկացվում Սաուդյան Արաբիայում՝ սեպտեմբերի 4-17-ը։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդես է գալու ինը, կանանցը՝ հինգ մարզիկով։ Ներկայացնում ենք մեր ծանրորդների ելույթների ժամանակացույցը.
06․09, ժամը 20։00՝ Իզաբելա Յայլյան, Ալեքսանդրա Գրիգորյան ( երկուսն էլ՝ 55 կգ)
07․09, ժամը 20։00՝ Գոռ Սահակյան (67 կգ)
11․09, ժամը 17։30՝ Ռաֆիկ Հարությունյան (81 կգ)
ժամը 20։00՝ Անդրանիկ Կարապետյան (89 կգ)
13․09, ժամը 17։30՝ Դավիթ Հովհաննիսյան, Հակոբ Մկրտչյան ( երկուսն էլ ՝ 96 կգ)
14․09, ժամը 20։00՝ Սամվել Գասպարյան, Գարիկ Կարապետյան ( երկուսն էլ ՝ 102 կգ)
15․09, ժամը 12։30՝ Լիանա Գյուրջյան (81 կգ, B խումբ)
ժամը 20։00՝ Հռիփսիմե Խուրշուդյան, Տաթեւ Հակոբյան ( երկուսն էլ՝ 87 կգ)
17․09, ժամը 17։30՝ Սիմոն Մարտիրոսյան, Վարազդատ Լալայան ( երկուսն էլ՝ +109 կգ)